Sunday, October 4, 2015

ՀԱՅ ԵՐԳԻ ԵՎ ՆՐԱ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՄԱՍԻՆ

Շարա Տալյան
Մեծանուն Բարսեղ Կանաչյանի ավագ դուստրըՙ ազնվազարմ տիկին Սեդա Կանաչյանը, եկավ եւ դառնացած, վիրավորված ու հիասթափված ետ գնաց: «Աս ի՞նչ է, Հայաստանի մեջ «ալա թուրքա» երգողներուն վաստա՞կ կուտան: Խեղճ հայ երաժշտություն, խե՜ղճ Կոմիտաս»: «Վաստակ» ասելով ուզում էր ասել «վաստակավոր»: Ճշմարտությունն այն է, որ դառնացած ու վիրավորված են շատերը, գիտակից ողջ ժողովուրդը:
Այո՛, ակնհայտ փաստ է, որ հայերեն բառերով թուրքական կլկլոցներն ու կաղկանձները այսօր բռնել են ողջ Հայաստանը, մշակութային հնարավոր ողջ տարածությունը: Մեր շուրջը ամենուր, սրճարաններում, ճաշարաններում, հարուստ եւ թանկ ռեստորաններում, հարուստ եւ թանկ մեքենաների մեջ այդ նույն կլկլոցներն ու նույն կաղկանձներն են: Այն տպավորությունն է, որ այդ թանկ մեքենաները թուրքական կլկլոցներով ձայներիզների հետ են վաճառում: Եվ ասօր այդ «ալա թուրքա» կլկլոցները պետական ճանաչում ու գնահատությունն են ստանում:
Չգիտես, ինչ մտածես: Եղեռնի հարուրյամյակ ենք նշում եւ ամեն օր այդ թուրքական կլկլոցներով թաղում ենք հայ երաժշտությունն էլ, Կոմիտասին էլ, մյուսներին էլ... Իսկապես որՙ խե՜ղճ հայ երաժշտություն, խե՜ղճ Կոմիտաս... Բայց ինչ կարող ենք անել: Մենք ոչինչ չենք կարող անելՙ կոչում շնորհողների մշակութային գիտակցությունը, ճաշակը եւ մակարդակը այդ է:
Այս ամոթն ու խայտառակությունը սկսվել է վաղուց, եւ սկսել են հայկական ռադիոն ու հեռուստատեսությունը: Խորհրդային իշխանության տարիներին նման բան, որ թուրքական կլկլոցներն ու կաղկանձները հնչեին ռադիոյով կամ հաղորդվեին հեռուստատեսութամբ իբրեւ երաժշտություն, իբրեւ երգասպանություն, անկարելի էր ու անհնարին: Անհնար էր նույնիսկ այդ մասին մտածելը, անկարելի էր դա պատկերացնել: Նախ, որովհետեւ խմբագրություններում աշխատում էին կիրթ, զարգացած եւ իրո՛ք բանիմաց, իրո՛ք բարձրաճաշակ մարդիկ (հենց միայն Անդրանիկ Չալգուշյանը հերիք էր, մարդը արթուն հսկում էր ամեն մի ձայնանիշը), եւ հետոՙ պետությունը նման բան թույլ չէր տա, պետությունը իրո՛ք տեր էր կանգնում հայ արվեստին ու մշակույթին:
Ու հիմա բոլորը լռում են: Լռել են տասնամյակներ: Լռում է, ծպտուն անգամ չի հանում Հայաստանի այսպես կոչված կոմպոզիտորների միությունը (տեսնեսՙ ինչի՞ համար դա գոյություն ունի), լռում է Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտը (ըստ երեւույթին, հայ երաժշտությունը հայ արվեստին չի վերաբերում), լռում է Կոմիտասի անվան (Կոմիտասի՜ անվան) պետական երաժշտանոցի պրոֆեսուրան...
Այդ նրանցՙ տարիների լռելյայն թողտվությամբ գոյացավ այսօրվա վիճակը: Թվարկածս հիմնարկները փաստորեն չկան: Գոյություն չունեն: Մեռած են: Մեռած են բարոյապես: Եվ եթե բարոյապես չկան, ուրեմն ինչի՞ համար է նրանց գոյությունը:
Մանավանդ ռըսախոս քաղքենի հայ երաժշտագետները: Մի-մի շարադրություն-դիսսսսերտացիա են սարքում եւ դառնում են իբրեւ թե երաժշտագետ, իբրեւ թե հայ երաժշտության մշակ: Մարդիկ, որ հայերեն գրագետ խոսել չեն կարող, որ հայ բանաստեղծություն չգիտեն, հայ երաժշտություն որտեղի՞ց պիտի իմանան. հայ երաժշտությունը բխում է հայ լեզվից:
Բայց հայ երգը, հայ երաժշտությունը, հայ արվեստը միշտ ունեցել է իր փայլուն գիտակները եւ ջատագովները, որոնք արթուն զինվորի պես հսկել են հայ մշակույթի սահմանները:
Նրանցից մեկը մեծ երգիչ եւ փառահեղ երաժշտագետ Շարա Տալյանն էր: 1948 թվականին «Սովետական գրականություն եւ արվեստ» ամսագիրը մեծ խոսակցություն է սկսել հայ երաժշտական արվեստի շուրջ: Հետաքրքրական հոդվածներ են տպագրել Անուշավան Տեր-Ղեւոնդյանը, Ալ. Թադեւոսյանը, Զ. Վարդանյանը, Մուշեղ Աղայանը եւ ուրիշներ: Շարա Տալյանը մասնակցել է մտքերի փոխանակությանը «Հայ երգի եւ նրա կատարողական արվեստի մասին» խորագրով փայլուն հոդվածով («Սովետական գրականություն եւ արվեստ», 1949, N3):
Մասնակի կրճատումներով այդ հույժ արդիական հոդվածը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը:
Ե. ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ո՞րն է հայ երգը
Կոմիտասը շատ բնական եւ անխուսափելի համարելով ժողովուրդների արվեստների փոխազդեցությունները, շեշտելով, որ մեր ե՛ւ հոգեւոր, ե՛ւ աշխարհիկ երգերը նույնպես ենթակա են եղել ազդեցությունների, աշխարհիկ երաժշտությունից ընտրում է միայն ժողովրդականը (գյուղականը) իբրեւ զուտ հայկական, դարձնում է իր ստեղծագործության եւ ողջ էության հիմնաքարը եւ սրան է նվիրում իր ամբողջ գործունեությունը:
Այս սկզբունքի դեմ Կոմիտասը շեղումներ ունի՞ թույլ տված: Այո: Բայց չափազանց չնչին, եւ ըստ երեւույթին ուրույն պատճառներով: Մենք նկատի ունենք նրա մշակած երկու երգըՙ «Հայաստան, երկիր դրախտավայր» եւ հանրածանոթ «Ծիծեռնակ»-ըՙ եվրոպական բերովի մելոդիան: Պետք է կարծել, որ սրանք Կոմիտասի ուսանողական շրջանի գործունեության արդյունք են, երբ նա իդեապես, իր գեղարվեստական համոզմունքներով դեռ որոշակիորեն չէր կաղապարվել:
Ի դեպ, պետք է ասել, որ «Ծիծեռնակ»-ը իբրեւ հայ երգ, մշակվել է ռուս մեծ ժողովրդի կոմպոզիտորների կողմից (Իպոլիտով-Իվանով եւ Նիկոլաեւ), բայց Կոմիտասը, բացի սքանչելի նախանվագից ու դաշնամուրի մասից, ուր զգացվում են թռչնի գեղգեղանքը, ուղղել է մելոդիան, հարստացրել այն, բառերի շեշտերը հարմարեցրել է երաժշտական շեշտերին, դարձրել հարազատ հայ լեզվի հնչունակությանը: Հետեւողական իր տեսակետի մեջՙ Կոմիտասը բացասական կարծիք է հայտնում աշուղական արվեստի եւ նրա կատարման մասին, համարելով այն ոչ հայկական:
Նա անձամբ ծանոթ է եղել աշուղ Ջիվանուն, Շերամին, ունկնդրել նրանց, բայց չի զբաղվել նրանց արվեստով, գրի չի առել եւ չի մշակել նրանց երգերը: Սա Կոմիտասի պատահական վրիպումը չէ, այլ նրա վերաբերմունքը: Մի քանի մասնակի փաստերը չեն կարող հակառակն ապացուցել: Հանգուցյալ Գարեգին Լեւոնյանի վկայությամբ Կոմիտասը գրի է առել Շիրինի «Այգեպան» եւ Ջիվանու «Ա՜խ, կորավ» երգերը, որոնք, ի դեպ ասած, դեռ չեն գտնված Կոմիտասի արխիվում: Դարձյալ Գ. Լեւոնյանի վկայութամբՙ Կոմիտասը լսելով Շերամի մի շարք երգերը, հավանել է միայն նրա «Ալ ու ալվան» եւ ասել է. «Ա՛յ, այդպիսի երգեր հորինիր»: Այնուհետեւ Գ. Լեւոնյանը գրում է, որ Կոմիտասը մտածում էր աշուղական դպրոց հիմնել: Թե ի՞նչ դպրոցի մասին է խոսքը, այդ դժվար չէ կռահել: Կոմիտասը ցանկանում էր հեռացնել հայ աշուղներին իրանա-տաճկական դպրոցի ազդեցությունիցՙ որի համար էլ նա բացասաբար է վերաբերվել աշուղների արվեստին, եւ կապել նրանց մեր ժողովրդի կուլտուրային, հայկական երգի հարազատ ակունքները դարձնել նրանց դպրոցի հիմքը: Միայն այսպիսի դպրոցի մասին կարող էր մտածել Կոմիտասը:



Ավելին կարդացեք՝ այստեղ

No comments:

Post a Comment